Հայաստանի մասին

Հայաստանը նոր մարդկության նախահայրենիքն է, քաղաքակրթության օրրանը: Ըստ Աստվածաշնչի (գիրք Ծննդոց, գլ. ը, 4) համաշխարհային ջրհեղեղի ժամանակ Նոյն իր տապանով Արարատ լեռան գագաթին հանգրվանեց, և երբ աղավնին ձիթենու ճյուղով աղետի ավարտն ավետեց, Արարատյան դաշտ իջավ, խաղողի առաջին որթն ու ծիրանենու շիվը տնկեց: Անցել են հազարավոր տարիներ, բայց մինչև հիմա էլ Արարատյան դաշտավայրում, հայկական բարձրավանդակում հայը, հավատարիմ Նոյ Նահապետի պատգամ-պատվիրանին, խաղող է աճեցնում ու հյութը քամելով, մեռոնաբույր, մեռոնահամ գինի, կոնյակ է ստանում, ամենահամեղ ծիրանն է հասցնում, որն ամբողջ աշխարհում ՙՀայկական միրգ՚ է կոչվում:
Իր երկարատև գոյության ընթացքում, սակայն, հայը միայն հող մշակելով չի գոհացել, տաճարներ է կերտել ու մագաղաթներ ծաղկազարդել, 301 թվականին՝ աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետական է կրոն հռչակել, 405 թվականին այնպիսի ազգային այբուբեն ստեղծել, որը մինչև հիմա էլ անփոփոխ կիրառվում ու իր հնչյունական համակարգով կատարյալ է համարվում:
Հայ ժողովրդի համար 20-րդ դարը ճակատագրական եղավ՝ այն սկսվեց աննախադեպ ոճրագործությամբ. ցեղասպանությամբ, որին զոհ գնաց պատմական բնօրրանի 9,10-րդը, ազգաբնակչության կեսից ավելին: Նման կորուստներից հետո անգամ հայը համախմբվելու, բռունցքվելու կամք ու վճռականություն՝ ուժ ունեցավ, դարը հաղթանակով ավարտեց՝ վերականգնեց ինքնիշխան պետականությունն ու իր հազարամյակների պատմության ընթացքում առաջին անգամ ազգային տարածքներ ազատագրեց՝ հավաստեց արժանապատիվ ապրելու, արարելու իր անկապտելի իրավունքը:
Այժմ Հայաստանի Հանրապետությունում, Արարատի հովանու ներքո դարձյալ թևածում է Նոյ նահապետի սպիտակաթույր աղավնին: Ձիթենու ճյուղը, որին հավատով է նայում հայ ժողովուրդը, խաղաղություն, հավերժություն է խորհրդանշում:




Mega Ararat © 2010
Գլխավոր  |   Ընկերության մասին  |   Նորություններ  |   Հայաստանի մասին  |   Արտադրանք  |   Կապ