ՍԶՆԻ (ԱԼՈՃ) (Crataegus Oxyacantha)
Ծագումնաբանական անվանումը հունարեն ՙcratanos՚ բառից է, որը նշանակում է ՙուժեղ, ամուր՚: Ալոճենին՝ սզնին, ՙcratanos՚ է կոչվել նաև բացառիկ երկարակեցության՝ մինչև 400 տարի գոյատևելու, դիմացկունակության, կարծր բնափայտի համար: Ալոճենիները գեղեցիկ են, աչքի են ընկնում յուրահատուկ կեղևով, տերևների առատությամբ, խոշոր, հոտավետ ծաղկաբույլերով, վառ կարմիր պտուղներով: Ալոճենու ծաղկումը ավետում է գարնան գալուստը: Ըստ առասպելի՝ ընծայվել է ամուսնության պատանի աստվածին՝ Հիմենեոսին: Պսակադրության արարողությունների ժամանակ հույն աղջիկները գլուխները զարդարել են ալոճենու ճյուղերից հյուսված պսակներով: Հռոմեացիները, չար ոգիներին փախցնելու համար, ալոճենու տերևներ են դրել մանկական օրորոցները: Մեր նախնիները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ծառաթփի սուր փշերին, որպես չարխափան դարպասների քիվերին են ամրացրել, հասուն պտուղն օգտագործել և թարմ վիճակում և թե չորացրել, աղացել, ալյուրով քաղցրավուն հաց են թխել: Եղել է ժամանակ, որ մինչև անգամ տերևներն ու կեղևներն են հավաքել՝ բամբակյա կամ բրդյա գործվածքները կարմրադարչնագույն երանգներով ներկելու համար:
Ալոճի բուժիչ հատկությունները վաղուց են հայտնի, կիրառվել ու կիրառվում են մինչ օրս: Պատահական չէ, որ ալոճը համարվում է 19-րդ դարի եվրոպական գիտական բժշկության կարևորագույն նվաճումը: Այն արդյունավետ է ուղեղի արյան շրջանառության անքնության, սրտխփոցի, զարկերակային ճնշման կարգավորման համար: Սզնու թեյի ըմպելիքը վերը նշված հատկություննորից բացի արյունը մաքրող հրաշալի միջոց է, բնորոշվում է հանգստացնող ազդեցությամբ:
|