ԱՆԱՆՈՒԽ (ԴԱՂՁ) (Mentha)
Ըստ ավանդության՝ անանուխը (դաղձ) Mentha է կոչվել Մենտա հավերժահարսի անունով, ում Պերսեփոնեն՝ Զևսի և Դեմետրեի դուստրը, բուսական աշխարհի թագուհին, հոտավետ թուփ դարձրեց ու Աֆրոդիտեին ընծայեց: Անանուխը հիշատակվել է դեռևս Աստվածաշնչում՝ Մատթեոսի ավետարանում, բարձր գնահատվել Հին Հունաստանում: Հին Հռոմում համոզված էին, որ անանուխի բույրը տրամադրություն է բարձրացնում, այդ պատճառով խնջույքի սրահները ցողում էին անանուխի ջրով, սեղանները շփում տերևներով: Հռոմեացի գիտնական, ռազմական և պետական գործիչ Պլինիոս Ավագը գտնում էր, որ անանուխի բույրը նպաստում է ուղեղի արդյունավետ գործունեությանը, այդ պատճառով միշտ դալար ընձյուղներից հյուսված պսակ էր կրում, նույնը խորհուրդ էր տալիս աշակերտներին:
Ավիցեննան ջրային անանուխ է առաջարկել ներքին արյունահոսության, գլխացավի, աղեստամոքսային հիվանդությունների, լվիճային անանուխ՝ արյունատար անոթների լայնացման, ախորժակի բարելավման, աղիների գործունեության կանոնավորման համար: Ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս անանուխ օգտագործել կենտրոնական նյարդային համակարգի, սրտային հիվանդությունների, մանկական գեղձախտի (ռախիտի) բուժման համար: Անանուխի թեյը բարելավում է մարսողությունը, կանխում սրտխառնոցը, նպաստում լեղարտադրմանը: Այն կենարար ըմպելիք է:
|